Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ-երը հերթական սանդրանքն են իրականացրել՝ հարվածելով ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է և ընդ որում՝ ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում, և սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, ՀՀ տարածքը օկուպացված է և Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից։

«Նաև ուզում եմ այսպիսի մի նրբության մասին ընդգծել՝ տեղյակ եք, որ մենք ԶՈՒ-երի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ-երի բարեփոխումները։ Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի և ռազամամթերք չմատակարարվի»,- ասել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ կան դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

«Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում, ուզում եմ ըդգծել, որ մենք պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով՝ որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործողությունների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում։ Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։