Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականը նվաճել է 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Երևանում անցկացված առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սպասելիքները, միանշանակ, գերազանցվել են. «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցեցին։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցաշար. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի: Հետաքրքիր է նաև, որ սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և որպես մարզաձև՝ հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է պարունակում»: