Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։

ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։

Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։