Հայ-ամերիկյան համագործակցությամբ կիրականացվեն ՀՀ-ում մշակույթի և կրթության զարգացմանն ուղղված նոր ծրագրեր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Մենք տեղյակ ենք իրականացվող ծրագրերի և նոր առաջարկների մասին, ուստի ուզում ենք ներկայացնել նոր գաղափարներ, որոնք կարող են նոր փոխգործակցության սկիզբ դառնալ»,- ողջունելով հյուրերին` ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում Ջեննիֆեր ՄքԷնդրյուն ներկայացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 2023 թ. համար նախատեսված հայտարարությունը: Կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերը։
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները. առաջիկա ծրագրերն ու դրամաշնորհները միտված են մշակույթի ոլորտին: Ես այցելել եմ մշակութային մի քանի հուշարձաններ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին»,- նշել է Ջեննիֆեր ՄքԷնդրյուն և հավելել, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի մշակույթի և կրթության ոլորտում:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հյուրերին ներկայացրել է Երերույքի և Գառնու տաճարների պատմական տարածքներում իրականացված վերականգնման աշխատանքները՝ հավելելով, որ հուշարձանների բարեկարգման և բարելավման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում՝ համագործակցելով արտերկրի փորձագետների հետ: Հ. Վանյանի տեղեկացմամբ` Գառնու տաճարի տարածքում եղել է նաև բնակավայր, ուստի պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն նույնպես կա:
«Ներկայումս քննարկվում են Հայաստանի պատմության թանգարանում առկա հսկայածավալ արխիվային նյութերի թվայնացման և Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 40 հազար նմուշների համար համապատասխան ֆոնդապահոցներ ձեռք բերելու ծրագրերը»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը` շեշտելով, որ հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությունը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ միջավայրում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կարևոր ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մի շարք հարցերի։