Մարտակերտում բացվել է «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» ԱԹՍ աշխատարան
Օրերս Մարտակերտում բացվել է «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» ԱԹՍ աշխատարան, որն Արցախում երկրորդն է այդ տիպի աշխատարաններից և 24-րդը՝ որպես ընդհանրապես «ԱՐՄԱԹ» աշխատարան: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ աշխատարանի ներդրման ֆինանսավորումն իրականացրել են Մարտակերտի քույր քաղաք ֆրանսիական Սարսելի համայնքապետարանը և հայկական համայնքը:
«Իսկ այսօր Ստեփանակերտում կայացել է Արցախի «ԱՐՄԱԹ» աշխատարանների առաջին ցուցահանդեսը: 24 Արմաթներում արդեն շուրջ 600 սան է տեխնոլոգիական հետաքրքիր ու գործնական կրթություն ստանում, և մենք քննարկել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար կազմի հետ Արմաթների քանակը Արցախում նշանակալիորեն ավելացնելու հնարավորությունը:
Եղած Արմաթների գործունեության արդյունքները շոշափելի և ուրախալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Արմաթների և նման այլ կրթական ծրագրերի հասանելիության ու արդյունավետության մակարդակը Արցախում բարձրացնելու ուղղությամբ:
Շնորհակալություն ԱՏՁՄ-ին, Արմաթների հովանավորներին ու խմբավարներին՝ իրենց կարևոր ներդրման համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։