6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության
Զորակոչվելուց և 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից և արտոնություններից:
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը նախատեսվում է 5 տարի:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կտնօրինի իր հայեցողությամբ: Այս ծրագրի ներդրումից հետո կդադարեցվի Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը:
«Շատ կարևոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, և մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է նախարարը:
Նախագծին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: