Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

«Բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է այս կենտրոնի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալու պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք:
«Այս նախագիծը պիլոտային է: Մենք նպատակ ունենք մյուս մարզերում ևս ունենալ նման կենտրոններ: Պրոբացիայի շահառուների հետ նախնական զրույցների ընթացքում ընտրվել են այն չորս մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված են աշխատաշուկայում»:

Որակավորված մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կահույքի պատրաստման հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիայի հմտություններ» և «Վարսահարդարման հմտություններ» թեմաներով` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի կողմից տրամադրված մասնագիտական գործիքներով և սարքավորումներով հագեցած լսարաններում:

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի Պրոբացիայի ծառայությանը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։

Մասնագիտական ուսուցման կենտրոնի բացումը քրեական արդարադատության ոլորտում պատժիչ քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։