Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
«Նոյեմբերի 22-23-ը նախարարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է մտքեր փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի և միջանկյալ ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության մասին։ «Նիստի մասնակիցները կդիտարկեն որոշումների պատկառելի փաթեթ, որը վերաբերում է կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանը և ուղղված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերի հետագա զարգացմանը»,- հավելել է Նեչաևը։
Վերջինս նաև հավելել է, որ համատեղ նիստի ձևաչափում նաև նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, ներառյալ ամփոփիչ հռչակագրին, որը ներկայացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։