Հայաստանի Գիտությունների ազգային ակեդեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշում է ընդունել Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միավորմամբ Մոլեկուլային կենսաբանության և կենսաքիմիայի գիտական կենտրոն ստեղծելու մասին: ԳԱԱ-ն տեղեկացնում է, որ որոշման նախագիծը շուտով կներկայացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտե:

Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն ԳԱԱ ինստիտուտներից՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Հր․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՊՈԱԿ-ներին, առաջարկել է ազատել իրենց զբաղեցրած շենքերը և տեղափոխվել այլ տարածքներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին խնդրել էինք պատասխանել, թե ԳԱԱ-ն ի՞նչ վերաբերմունք ունի հիշյալ ինստիտուտների շենքերը Պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցելու հարցին։

«Գիտությունների ազգային ակադեմիան, համաձայն Կառավարության գիտության, կրթության զարգացման ռազմավարության, ինչպես նաև ԳԱԱ զարգացման ռազմավարական ծրագրի, պետք է իրականացնի ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների օպտիմալացում՝ այսինքն, գերազանցության կենտրոնների ստեղծում»,- պատասխանել է ակադեմիայի նախագահը: Պրն Սաղյանը հայտնել է, որ ի սկզբանե ծրագրում եղել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի միավորմամբ նոր գերազանցության գիտական կենտրոնի ստեղծում ԳԱԱ կազմում։ Այդ կապակցությամբ բանակցություններ են տարվել երկու ինստիտուտների հետ՝ ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկի:

Այն հարցին, թե շենքերն ազատելու և առաջարկված նոր տարածքներ տեղափոխվելու դեպքում, արդյոք, հիշյալ ինստիտուտների բնականոն գործունեությունը շարունակելու համար բավարար պայմաններ կա՞ն, և չի՞ խաթարվի նրանց գործունեությունը, ԳԱԱ նախագահը հայտնել է․ «Կոմիտեն առաջարկել է, որպեսզի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի մասնաշենքն ազատվի, և անձնակազմը տեղափոխվի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ: ԳԱԱ-ն կողմնակից է Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կոլեկտիվի ներկայացրած տարբերակին: Ինստիտուտի մասնաշենքը 7500 քմ տարածք է զբաղեցնում, որից 3500 քմ տարածքը կարող է ազատվել այլ կազմակերպության տրամադրելու համար», գրում է «Հետք»-ը:

Ակեդեմիայի նախագահությունը տեխնիկական տեսակետից դա հնարավոր է համարում, որովհետև շենքն ունի երկկողմանի մուտք, աստիճաններ, վերելակ: Մնացած 4000 քմ տարածքը մնալու է Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտին, որն այդ տարածքով միավորվում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ, և ստեղծվում է նոր գիտական կենտրոն:

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկել էր, որ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտն ամբողջությամբ տեղափոխվի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնաշենք։ «Դա հնարավոր չէ, քանի որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը գրեթե ազատ տարածք չունի, չի կարող Հրաչյա Բունիաթիանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կադրային կազմը, նյութատեխնիկական բազան ընդունել իր մոտ: Իսկ ոչ ճիշտ բաշխումը, ոչ համաչափ, չհիմնավորված փոփոխությունները կհանգեցնեին գիտական հետազոտությունների արդյունավետ ընթացքի խափանման»,- հայտնել է ԳԱԱ նախագահը: