Պուտինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին Պուտինը հայտարարել է Երևանում ընթացող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Նա դրական է գնահատել հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, ինչպես նաև նշել, որ կայացած բանակցությունները լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերում հետագա փոխզիջումների համար։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ համատեղ հայտարարության մեջ բարձր մակարդակով հաստատվել է եռակողմ պայմանավորվածություններին հավատարմությունը, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021թթ-ին։ Պուտինի խոսքով՝ «միայն սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցում այդ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կօգնի հասնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»։
«Հույս ունենք, որ այն թույլ կտա ի վերջո խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ արդեն իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքեր է փոխանակել այդ ուղղությամբ, և առավել մանրամասն կխոսեն այսօր Երևանում երկկողմ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նաև ընդունել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքում խնդիրներ կան։ «Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն նվաճումները, այլև՝ խնդիրները։ Բայց այդ խնդիրներն արդեն իսկ բարձրաձայնվել են հանդիպման մասնակիցների կողմից։ Այսօր մենք կխոսենք, կարծում եմ, առանց տեսախցիկների, այդ մասին առավել մանրամասն»,- նշել է նա։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից։ «Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Իմ գնահատմամբ` սա Հայաստանի ամենամեծ անհաջողությունն էր` որպես ՀԱՊԿ նախագահող երկրի»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Ըստ ավելի վաղ տարածված հաղորդագրության՝ կարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը, որի մասին, ավելի վաղ, Ստանիսլաս Զասը հայտարարել էր, որ կողմերը համաձայնեցրել են համատեղ օգնության միջոցները՝ չմանրամասնելով, թե ինչ օգնության մասին է խոսքը։
ՀԱՊԿ-ում հաջորդ տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին, ուստի նախատեսվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի ՀԱՊԿ-ում այդ երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրագործվեն իր նախագահության շրջանում։