Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը
Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։
«Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է նա։
Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Պետությունների հարգելի ղեկավարներ,
Ողջունում եմ ձեզ Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։
Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։
Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս․ և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»: