Հայաստանն՝ առաջին անգամ իր ներկայացուցիչը կունենա առաջիկայում կայանալիք «SanremoJunior» հռչակավոր մրցույթում։ Եվ այդ առիթով անցկացվել է պատանեկան «Սան Ռեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները, եզրափակիչ համերգը կայացել է Երևանում: Համացանցում հրապարակվել է տեսանյութ եզրափակիչ մրցույթից։

«SanremoJunior» մրցույթն անցկացվում է 2010թ․-ից, Իտալիայի Սան ռեմո քաղաքում՝ հանրահայտ Արիստոն համերգասրահում: Տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի առաջին անգամ այդ հնարավորությունն ունեցավ նաև Հայաստանը։ Այն կազմակերպվել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետևողական գործունեության և ներդրած ջանքերի շնորհիվ։

Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովի անդամները արհեստավարժ մասնագետներ են՝

ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը,

- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը,

- Երևանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը,

- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը,

- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը,

- Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Կարեն Մարգարյանը,

- Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը,

- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը:

- Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:

«SanremoJunior» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մարտի 14-ին, Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում, որին մասնակցեցին մարտի 6-ին և 7-ին Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները: Մրցույթի հաղթող են ճանաչվել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանը և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանը: Մասնակիցները Հայաստանի դրոշի ներքո ելույթ են ունենալու Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, ապրիլի 19-ին: