Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և այն հանգամանքին, որ դատապարտումներ լինում են տարբեր երկրներից, բայց ոչինչ չի փոխվում, ասել է, որ բոլորն են պատասխանատու այս իրավիճակի համար, «Արցախի և Հայաստանի իշխանություններն անհամեմատ ավելի շատ», այս մասին հայտնում է «Առավոտը»։

«Որպես Արցախի պաշտոնյա կոռեկտ չեմ համարում լրիվ գնահատական տալ մինչև այս պահը Հայաստանի իշխանության իրականացրած գործողություններին: Այո, որոշակի գործողություններ կատարվել են: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը Հայաստանի նախաձեռնությունն էր, Հայաստանի դիմումի հիման վրա էր, Եվրոպական դատարանում հայցը և միջանկյալ միջոցի կիրառումը Հայաստանի կառավարության գործողությունների արդյունքն էր ու մի շարք այլ բաներ:

Բայց խոշոր առումով քանի որ արդյունք չկա, ես կարծում եմ, որ և Հայաստանի իշխանությունը, և Հայաստանի հանրությունը, տարբեր կազմակերպություններ, և սփյուռքի համայնքներն ու կազմակերպությունները արդյունավետ չեն աշխատում: Մենք բոլորս արդյունավետ չենք աշխատում: Նաև իմ պարագայում: Այսինքն, մենք բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար, ամեն մեկը իր չափով: Արցախի և Հայաստանի իշխանությունները անհամեմատ ավելի շատ, տարբեր անձինք, խմբեր ու կազմակերպություններ` ավելի քիչ: Բայց ես տեսնում եմ, որ հիմնականում անտարբերություն է կամ անարդյունավետ աշխատանք է»,- ասել է նա։