«Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թթ․․ արդիականացման ծրագրով» նախատեսվում է արդիականացնել պարտադիր և պայմանագրային ծառայության համակարգերը
ՀՀ զինված ուժերում ձևավորվելու է պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ: Այս դրույթը ներառված է «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թթ․․ արդիականացման ծրագրում»: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը։
Նոր համակարգը կառաջարկի պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ և կապահովվի պայմանագրային հիմունքներով զինված ուժերի համալրումը արհեստավարժ կադրերով: Դա կկազմակերպվի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի կարճաժամկետ հեռանկարում նախնական ծավալով, իսկ միջնաժամկետ հեռանկարում` ամբողջ ծավալով իրականացման միջոցով:
Նախատեսվում է նաև զինվորական ծառայության մեջ կամավորության սկզբունքով կին զինծառայողների ներգրավումն աստիճանաբար ավելացնել`սկզբում նյութատեխնիկական ապահովման, այնուհետև մյուս ոլորտներում:
Կներդրվի ակտիվ պահեստազորային ծառայություն, որի համար կձևավորվեն նորմատիվ իրավական բազա և պահեստազորի հաշվառման էլեկտրոնային համակարգ: Նշված ծառայության ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել պահեստազորի մասնագիտական ներուժը` պարբերական վարժանքների և զինված ուժերի խնդիրների կատարմանը նպատակային ներգրավման միջոցով: