BBC-ն՝ ադրբեջանական դպրոցներում քարոզվող ծայրահեղ ատելության և հայատյացության մասին
BBC-ն անդրադարձել է ադրբեջանական դպրոցներում այլատյացություն, հայատյացություն և ատելություն սերմանելուն՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում «զոհի ռազմատենչ պաշտամունքը փոխարինվեց հաղթանակի ռազմատենչ պաշտամունքով»։
Նշվում է, որ վերջին ամիսներին սոցցանցերում ակտիվորեն տարբեր տեսանյութեր են տարածվում՝ Ադրբեջանի ուսհաստատություններում «հայրենասիրական միջոցառումներից», որտեղ երեխաները դպրոցական տողանի ժամանակ բացականչում են՝ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն։ Նշվում է, որ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, թե ում նկատի ունեն այդ բացականչություններում։
Նշվում է նաև, որ «հայամետ» բառն Ադրբեջանում փաստացի հավասարազոր է հայհոյանքի, իսկ հայկական արմատներ ունենալը վարկաբեկիչ է։
«Տեսանյութերից մեկում, որտեղ «Բուրատինո» երգի բառերը փոխելով, երգիչն ու մանկահասակ երեխաների երգչախումբը ծաղրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նրան հայամետ են անվանում։
Մեկ այլ տեսանյութում զինվորականի հագուստով մի քանի մանկահասակ երեխաներ դահլիճ են մտնում վիրակապած ձեռքով կամ ոտքով, հաշմանդամի հենակով»,- ասվում է հոդվածում։
Ադրբեջանցի ուսուցիչը, պայմանական Ֆիքրեթ անունով, ասել է, որ իրենք ցուցում են ստացել ասել երեխաներին, որ 44-օրյա պատերազմի մասին շարադրություններում պետք է պարտադիր շեշտել այդ երկրի նախագահի դերը։ Նա նշել է, որ նման ցուցումները բանավոր են արվում կամ ուսուցչական չաթի միջոցով։
BBC-ն նաև մեջբերումներ է անում ադրբեջանական դասագրքերից, որտեղ արդեն ուղղակի և անուղղակի հասցեագրումներ կան հայերին։
«Ադրբեջանական գրականության 6-րդ դասարանի դասագրքում կա «Արյունոտ մանուշակը» պատմվածքը, որտեղ Սիրանուշ մորաքույրը (BBC-ն նշում է, որ դա տարածված հայկական անուն է) խեղդամահ է անում ինչ-որ մեկին, իսկ Սուրեն քեռու սրից արյուն է կաթում։
Ադրբեջաներեն լեզվի 6-րդ դասարանի դասագրքում կա «Փոքրիկ պատանդները» պատմվածքը, որտեղ գրված է, որ «կատաղած հայերը ժանգոտ գործիքներով պոկում էին նրանց լեզուներն, ով չէր ուզում կարդալ, մերկացնում էին նրանց և խոշտանգում։
5-րդ դասարանի դասագրքում կա «Գողը» վերնագրով կարճ պատմվածք, ըստ որի հայերը տարիներ շարունակ ամեն ինչ գողացել են ադրբեջանցիներից՝ երաժշտությունը, բաղադրատոմսերը, գորգերը, ի վերջո, Ղարաբաղը»,- ասվում է հոդվածում։
BBC-ն մեկնաբանություններ է խնդրել Ադրբեջանի կրթության նախարարությունից, որտեղից պատասխանել են, որ համարում են դա ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են պայքարը, որը տանում է Ադրբեջանը տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։
Սումգայիթյան դպրոցներից մեկի փոխտնօրեն Աթրաբ Թաղիևն ասել է, որ «թշնամին մեկն է, և եթե չկա ատելություն թշնամու հանդեպ, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը հաղթել են մեզ մեր պատմության ամբողջ ընթացքում։ Հայերը մեր թշնամիներն են և երեխաները դա պետք է իմանան»,- ասել է Թաղիևը։