Մահացել է Մայր Աթոռի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ մահացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նվիրյալ հայորդի տիար Հայկ Տիտիզյանը։
«Լուսահոգի Հայկ Տիտիզյանը, որպես ազգասեր ու եկեղեցանվեր հայորդի, մեծ նախանձախնդրությամբ մշտապես իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանն ու շինությանը, աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգօգուտ, եկեղեցանվեր նախաձեռնությունների իրականացմանը, ինչի խոսուն վկայությունն է Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անվան կրթական կենտրոնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Սուրբ Ներսես Ընծայարանի նոր համալիրի կառուցումը։ Հոգելույս Հայկ Տիտիզյանը տարբեր բարեգործություններով իր զորակցությունն է բերել Հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին:
Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում Տիտիզյան սգակիր ընտանիքին և աղոթում հոգելույս Հայկ Տիտիզյանի հոգու խաղաղության և հանգստության համար:
Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալի բարի հիշատակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։