Նարինե Վարդանյանն ու Արծրուն Արշակյանը աշխատում են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամում։ Նարինեն Արցախի գրասենյակի առաջնորդության զարգացման ղեկավարն է։ Արշակը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարն է, նաև աշխատում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ստեփանակերտի գրասենյակում։

Նարինեն մասնագիտությամբ լրագրող է, Արծրունը՝ փրկարար։ Նրանք ամուսնացել են 2022թ-ին ու որոշել բնակվել Ստեփանակերտում։

Դեկտեմբերի 10-ին ամուսինները եկել էին Երևան։ Նարինեն եկել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու։ Արշակը «Արմաթի» իր երկու աշակերտների հետ եկել էր մրցույթի մասնակցելու, ու մնացել են Հայաստանում։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դեկտեմբերի 12-ին, Գորիս չհասած, իմացել են, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նրանք մնացել են Գորիսում։

«Մենք մեկ ամիս ու մի քանի օր ապրել ենք Գորիսում, մեզ հետ 2 երեխա՝ Արծրունի աշակերտները՝ 13 և 14 տարեկան տղաներ։ Հունվարի 17-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տղաները տուն են վերադարձել։ Արդեն կարոտել ենք նրանց, մեկ ամիս միասին էինք ապրում»,- պատմում է Նարինեն։

Նա 2017-2019թթ-ին դասավանդել է Քաշաթաղի շրջանի Վաղազին և Մովսեսաշեն գյուղերում, ապա, առաջնորդության ծրագիրն ավարտելուց հետո, վերադարձել է Երևան։ Ամիսներ անց նորից որոշել է դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, քանի որ հասկացել է, որ ցանկանում է Արցախ վերադառնալ ու ապրել այնտեղ։

Արծրունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դիմել է 2020թ-ի մարտ ամսին։ Նրանք ծանոթացել են Արցախում արշավի ժամանակ՝ Մեծ Քիրս լեռը բարձրանալիս։ Հետո Արարատի գագաթին Արծրունը Նարինեին ամուսնության առաջարկ է արել։

Գորիսում ճանապարհի փակվելու պատճառով, բացի Արծրունից և Նարինեից, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմակիցներ էին մնացել, նրանք որոշել են արտակարգ ուսուցման ծրագիր կազմակերպել։ Այս փորձը կիրառել էին նաև պատերազմի օրերին, երբ Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում ապրող աշակերտներին ոչ ֆորմալ կրթության մեթոդով դասավանդում էին։

«Մենք պատերազմի միջով անցած երեխաների հետ փորձ ունեցել ենք։ Շատերը ցանկություն չունեին դպրոց գնալու, սովորելու ու մենք այլընտրանքային տարբերակներ էինք մտածում ուսուցումը թեթև ու հետաքրքիր դարձնելու։ Երեխաները մեզ հետ հեշտ էին մտերմանում»,- պատմում է Նարինեն։

Նրանք խաղային ուսուցման մեթոդներով կարողացել են լրացնել աշակերտների բաց թողնված դասերը։ Ավելի ուշ աշակերտները հաճախում էին Գորիսի և հարակից գյուղերի դպրոցներում։

Արցախցի 270 երեխա ճանապարհի փակման պատճառով մնացել է Հայաստանում։ Մեծ մասը Հայաստան էին եկել առանց ծնողների։ Նրանցից 19-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հունվարի 17-ին վերադարձել են իրենց ընտանիքների մոտ։