Այսօր՝ մարտի 20-ին Բրյուսելում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Եվրամիության ներկայացուցիչ՝ Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը ստորագրեցին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն որի՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական էջից։

Նշենք, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նախագիծը մեկնարկել է դեռ 2014թ․-ին, բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից և նախատեսված է իրականացնել 2014-2020 թթ. ընթացքում: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում: