Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց են
Քննչական կոմիտեի մոտ են հավաքվել Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Տուժած ծնողներն առերեսվում են ոստիկանների հետ։
Ծնողները հունվարի 20-ին նույնպես հավաքվել էին ՔԿ դիմաց։ Այդ ժամանակ ծնողներից մեկն ասել էր. «Այլ նպատակով պետք է գային այստեղ, բայց հունվարի 19-ի դեպքի պատճառով զոհված 15 տղաների հիշատակը հարգելով, այսօր ուրիշ գործողություններ չենք կատարում»։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից ծնողներից մեկն ասաց. «Այսօր առերեսում է տեղի ունենում Խուդինյանի հետ։ Վերջերս պարզ եղավ, որ ինքն է բերման ենթարկելու հրաման տվել։ Հիմա չենք հասկանում՝ ի՞նչ տարբերակով դարձավ, որ նա է տվել։ Մի քիչ առաջ նա դրսում էր ու ասաց, որ նման հրաման չի տվել։ Առերեսման ընթացքում մի քանի կարմիր գլխարկներն ասել են, որ ինքն է տվել։ Հիմա մեր ծնողներից մեկի հետ առերեսման է։
Սեպտեմբերի 23-ին Խուդինյանի հետ զրուցում էինք, նա ինձ հետ հավասար հայհոյում էր հրաման տվողին, ինչպե՞ս կարող է նման բան լինել»։
Խոսքը Երևանի քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի մասին է։
Դիտարկմանը, որ այնտեղ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կայի՞ն, նա ասաց. «Հենց իրենց վրա էլ կասկածում ենք, որ իրենք են այդ հրամանը տվել, բայց ինչու՞ Խուդինյանը վերցրեց իր վրա, չենք հասկանում»։