Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներց մեկից՝ կրթության իրավոււնքից։ Այս մասին Կառավարության հունվարի 26-ի նիստի մեկնարկին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժանանակ։
«Իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այս անգամ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանական մտահոգություններն են։ Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուղոց գազի խողովակը, հետո բացում 10 %-ով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 %-ով և այսպես շարունակ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ մանկապարտեզները չեն աշխատում նաև սննդի բացակայության պատճառով, որն նույնպես միջանցքի փակման հետևանք է։
Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է եռակողմ հայտարարությամբ և որի անխափան գործողության երաշխիքներ են տվել Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր։ Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։
ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։ Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։
«Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ հայության կամքը։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, և հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն նշել է, որ սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է, և եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրությունների մասին ահազանգերին, հիմա արդեն «այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, և որն, ըստ նրա, աշխարհում լայնորեն տարածվեց։
«Բայց ԼՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ։ Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։
Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց պիտի կրկին ընդգծեմ իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում»,- հայտնել է վարչապետը։
Ըստ նրա՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն։
«Այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ։
Մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք դժվարություններն ու բարդությունները»,- եզրափակել է Փաշինյանը։