Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում բացվելու է առաջին Թումո կենտրոնը: Կենտրոնը լինելու է քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։

1500 երիտասարդներ Թումո Կոիմբրայի օգնությամբ հնարավորություն կունենան ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023թ-ի երկրորդ եռամսյակում։

«Հաջորդ սերնդին թվային տնտեսությանը նախապատրաստելու կառուցվածքային անհրաժեշտություն կա։ Տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում արտադպրոցական կրթությունը հիմնականում սահմանափակված է փոքր խմբերով և մասնավոր պարապմունքներով. այն անվճար և հասանելի դարձնելը հավասար հնարավորություններ կընձեռի բոլորին։ Թումոյի կրթությունը պարզ և հասանելի է։ Այն արդյունավետ է արագ և լայնածավալ ներգործություն ապահովելու համար»,- նշել է Թումոյի գործընկեր Shaken not Stirred հարթակի հիմնադիր Պեդրո Սանտա Կլարան հունվարի 25-ին` ծրագրի հովանավորների և գործընկերների հետ հուշագրի ստորագրման ժամանակ:

Վերջին 5 տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Հաջորդ կենտրոնը բացվելու է Լոս Անջելեսում։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում և Ֆրանսիայում: Քննարկումներ կան նաև Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։