Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի
Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Որոշումն ընդունվել է հունվարի 26-ին կայացած Կառավարության նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։
ԱՄԷ հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը սկսվել էր դեռևս 2017թ: ՀՀ կառավարությունը 2017թ. հունվարին համաձայնություն էր տվել երկու երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել:
Այժմ գործընթացը վերսկսվել է և այս արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։
Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։