Ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ՊԵԿ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից դեռևս շարունակվում են ՊԵԿ ներկայացվել ավտոմեքենաների՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ դիմումներ․ 2023թ-ի սկզբից մուտքագրվել է մոտ 5500 դիմում։
Նշված բոլոր դիմումներին միասնական եղանակով պատասխանելու նպատակով Կոմիտեն ևս մեկ անգամ հայտնում է՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև 4-րդ հավելվածի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ազատ շրջանառության նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են Եվրասիական տնտեսական միության դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերել Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։
Բացառություն են կազմում միայն 339 տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն։