Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով առաջացած խնդիրները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում փորձում են հաղթահարել միասնական ուժերով։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Բերքաձորի համայնքապետ Զարինե Մեքիյանը։

Նա իրազեկել է, որ համայնքի բնակիչները սննդամթերքի համար նախատեսված կտրոններն արդեն ստացել են։ Գյուղում խանութ չունենալու պատճառով, սակայն, բոլոր ապրանքատեսակները ձեռք են բերել հարևան համայնքի խանութից։

«Հաճախակի ենք ակումբում հավաքվում, քննարկում Արցախում ստեղծված իրավիճակը, փորձում որոշակի լուծումներ գտնել։ Միմյանց հուսադրում ենք, քաջալերում», - պատմել է նա` հավելելով` գյուղի բուժկետը շարունակում է իր բնականոն գործունեությունը. առաջին անհրաժեշտության դեղորայք դեռևս ունեն։ Անդրադառնալով աշնանացանի աշխատանքներին՝ Զ. Մեքիյանն ասաց, որ 32 հա-ի վրա գարու և կորնգանի ցանքս են կատարել։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020թ-ի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պետք է ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։

Արդեն 50 օր է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։