Պրոբացիայի ծառայությունում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, կիրառվում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցը։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:

«Նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում է կոռուպցիոն ռիսկերը:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազամավարությանը համահունչ՝ Պրոբացիայի ոլորտի բարելավումը և շարունակական զարգացումն ապահովելու համար կարևորվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռազամավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում այնպիսի նախադրյալներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ և ամբողջ ծավալով իրականացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը՝ ապահովելով պատժի կիրառման նպատակայնությունը: