Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխաիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄՀայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։

1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:

Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։

Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։

Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ: