Շուռնուխում և Որոտանում տուն կորցրածներն աջակցություն կստանան՝ մինչև բնակելի թաղամասի կառուցումը
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված և իրենց տները կորցրած քաղաքացիներին Կառավարությունը կշարունակի 68 հազ. դրամ աջակցություն տրամադրել ևս 8 ամիս։ Որոշումն ընդգրկված է Կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2021թ. փետրվարից մինչև 2022-ի նոյեմբերը ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300 000 դրամ և ամսական 68 000 դրամ։
Նախագծի հիմնավորմամբ՝ տները կորցրած անձանց համար Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգվել է։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունիսի 30-ը, և Կառավարությունը որոշել է բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն տրամադրել մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ։
Բնակելի թաղամասի կառուցման մասին հայտարարվել էր դեռևս 2021թ.-ին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ մինչև 2021թ-ի տարեվերջ կավարտվի տների կառուցման և բնակեցման գործընթացը։
Քաղաքաշինության կոմիտեի՝ մարտին տարածած հաղորդագրության համաձայն՝ թաղամասում 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր 2022թ-ի հունիսին, իսկ ամբողջ թաղամասի կառուցումը՝ նոյեմբերին։
2022 թ. օգոստոսի 23-ի հաղորդագրությամբ՝ Կոմիտեն հայտնել էր, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են։
Աջակցության ծրագրի որոշման նախագծում նշված է, որ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. սեպտեմբերի 30-ին, սակայն սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, և անհրաժեշտ է այն երկարաձգել մինչև հունիս։