«Նախագծով առաջարկվում է մեր նախարարությանը տալ 1.1 մլրդ դրամ, որի նպատակը քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի նոր կառուցվող մետրոյի նախագածանախահաշվարկային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելն է»,-կառավարության նիստում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նախարարի տեղեկացմամբ՝ աշխատանքներն երեք փուլից են բաղկացած, որի առաջին փուլն ավարտվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը:

«Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է: Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1.1 մլրդ դրամը, մնացած մասը Երևանի քաղաքապետարանը կավելացնի»,-հայտնել է Գնել Սանոսյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել, ասելով. ««Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ անցել ենք նախագծմա առաջին փուլը: Նախնական հաշվարկով Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս, այսինքը՝ 2 տարի, որի ընդհանուր երկարությունը լինելու է 1.5 կմ»:

Տեղեկացնելով որ երկաթբետոնով կամ մետաղական ֆերմայով կամուրջի կառուցում է նախատեսվում՝ ավինյանը վստահեցրել է, որ «դիտարժան և գեղեցիկ կամուրջ է լինելու»: