Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի
Այսօր Կառավարության հերթական նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։
Կառավարությունը հաստատել է Եղիպատրուշ գյուղում լեռնային համալիրի կառուցման ժամանակացույցը։ Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։
Ճոպանուղի, հյուրանոց,խաղատուն․ հաստատվեց նախկին պատգամավորին փոխկապակցված ընկերության ծրագիրը։
«Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,- ասաց Քերոբյանը։ Նա հավելեց նաև, որ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ և 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ և ընդհանուր առմամբ՝ ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։
Վահան Քերոբյանի խոսքով, այս ծրագիրը ներկայացվել է քննարկման դեռևս 2018թ-ի նոյեմբերին և դրա վերաբերյալ 2020թ-ի մարտին կնքվել է փոխըմբռման հուշագիր, սակայն պատերազմով, կորոնավիրուսով և մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021թ-ի օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշել է հավանություն տալ հենց այս նախագծին․ «Մեր աշխատանքը ներդրողների հետ հիմա հասել է տրամաբանական սկզբին, այսինքն՝ նախագծի հաստատման փուլին ենք հասել»,- նշեց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրերի ռիսկերը կառավարելու են խոշոր քառյակի մեջ մտնող աուդիտորական ընկերություններին ներգրավելով, ովքեր պետք է հետևեն ծրագրի ներդրումային փուլին և փուլային հաշվետվություն ներկայացնեն կառավարությանը կատարման ընթացքի վերաբերյալ։ «Մենք նաև տուգանային համակարգ ունենք պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասաց նա։
Կառավարությունը համաձայնություն է տալու հողատարածքի ուղղակի վաճառքին Ապարան համայնքին, բայց, միևնույն է, Ապարան համայնքն ինքն է որոշում կայացնելու հողատարածքի վաճառքի վերաբերյալ։ «Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի մասին համաձայնություն ենք տալու, որ Ապարան համայնքը կնքի»,- նշեց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ անցած շաբաթ Ֆրանսիայում հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի շրջանակներում հանդիպել է այն ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների հետ, որը պետք է լիներ մրցակից ծրագրի օպերատորը։ «Ես համոզել եմ, որպեսզի նրանք դիտարկեն նաև այս ծրագրի ներքո օպերատորությունը, և եթե դա հաջողությամբ պսակվի, մենք կունենանք առաջնակարգ օպերատոր նաև լեռնադահուկային համալիրի համար»,- ասաց Վահան Քերոբյանը։
Նախագծով առաջարկվում է Ապարան համայնքին որոշ հողատարածքներ արոտավայրերի նշանակությունից տեղափոխել խառը բնակավայրերի կառուցապատման նշանակության, ապա օտարել այդ հողակտորները՝ այս ծրագրի իրականացման նպատակով։
Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։