Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում գրանցվել են ժամկետանց դեղերի հայտնաբերման դեպքեր, ինչպես նաև մատյաններում գրանցված անճշտություններ, չգրանցված հոգեմետ դեղերի դուրսգրման դեպքեր: Այս խնդրով պայմանավորված նյութեր են ուղարկվել դատախազություն: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Փոխանցում է med.news.am-ը։

Նա ներկայացրեց «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց:

Ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների ոչնչացումը նույնպես հաստատված նորմերի խախտումներով է կատարվում: Որոշ հաստատություններում հիվանդները կարող են հանգիստ դեղեր գնել հաստատության սահմաններից դուրս գտնվող դեղատներում, և սա բուժանձնակազմի կողմից ոչ մի կերպ չի վերահսկվում: Օմբուդսմենի կարծիքով՝ անհրաժեշտ է այս գործընթացը պատշաճ վերահսկողության տակ վերցնել: