Նիկոլ Փաշինյանը Բեռլինում մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը, որի ընթացքում ասել է․

«Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020թ-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Նա նշել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021թ-ի մայիսին, 2021թ-ի նոյեմբերին և 2022թ-ի սեպտեմբերին։

«Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022թ-ի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով` հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։

Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022թթ-ի ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը։

2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022թ-ի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում»,-ասել է Փաշինյանը։