Մինչև առաջին մարդը ոտք կդնի Մարս մոլորակի վրա, պետք է անցկացնել գործընթացի մանրամասն փորձարկումը: Նման աշխատանքների վրա կենտրոնացած է նաև Austrian Space Forum (OeWF) կազմակերպությունը, որը պատրաստվում է Մարսի վրա մարդու առաջին այցելության սիմուլյացիա իրականացնել: AMADEE-24 անունով սիմուլացիան նախատեսված է անցկացնել Հայաստանում՝ 2024թ. մարտին, հաղորդում է OeWF կայքը:

Հայաստանը առավելապես ընտրվել է իր բարձր լեռնային գոտիների համար, հաշվի է առնվել նաև հողային զանգվածի կազմը: «Հայաստանը կարծես Մարսի աշխարհագրական երկվորյակը լինի»,- ասել է OeWF տնօրեն Գերնո Գրյոմերը:

Սիմուլյացիային մասնակցելու են 2 կին և 4 տղամարդ տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Նրանք շուրջ մեկ ամիս անելու են այն, ինչ պատրաստվում են անել Մարս առաջին այցելության ժամանակ՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչքանով են նրանց տեխնիկական և կազմակերպչական միջոցները համապատասխանում առաքելությանը: Գործընթացին ներգրավելու և աջակցելու են մոտ 250 միջազգային հետազոտողներ: