Երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհին թիրախավորել էր ծառայության մեկնող Արցախի ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով 3 հայ ոստիկան է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Ադրբեջանցիների դիվերսիայից հետո մոտակա հայկական մարտական դիրքից պատասխան կրակ է բացվել թշնամու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս զոհեր ու վիրավորներ տալով հետ է շպրտվել իր ելման դիրքեր:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ առավոտյան Ստեփանակերտի բնակիչները լսել են փոխհրաձգության ձայները։ Ասել է՝ մեծ տրամաչափի զենքից կրակոցների ձայներ էին։

«Համարյա 3 տարի շարունակ ասում ենք, որ Արցախում թշնամին քիթ-քթի է, շփման գիծը գրեթե կպած է բնակավայրերին, դա իրողություն է։ Այսինքն՝ համարյա ցանկացած դեպք տեղի է ունենում բնակիչների աչքի առաջ»,- նշել է արցախցի պատգամավորը։

Թեև փոխհրաձգության տևողությունը չի ֆիքսել, բայց, ասում է, բավական երկար է տևել։ «Թշնամին այնքան լկտի է, որ միևնույն է իր համար, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կա»,- նկատում է պատգամավորը՝ հավելելով, որ բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն չկա։

«Այնպիսի սարսափների միջով ենք անցել, որ հիմա գիտակցումը շատ բարձր է, որ դու պիտի չլքես քո տունը, որովհետև եթե հարկ լինի, դու պիտի պաշտպանես հենց քո տունը»,- ասել է պատգամավորը, ապա շարունակել, որ կողքից նայողին կարող էր թվալ, թե Ստեփանակերտն իր առօրյայով է ապրում, բայց քաղաքում ծանր լռություն է։ «Քաղաքում մեծ տխրություն կա, որովհետև նախ զոհվածներն այն մարդիկ են, որոնց գրեթե բոլորն են ճանաչում, չկա մարդ, որ չբնութագրեր նրանց բացառիկ հայ տղամարդու կերպար ունենալը, բարի լինելը, հոգատար լինելը: Շատ ծանր է, և այն, որ փաստում են, թե ադրբեջանական կողմը նույնպես զոհեր ունի, միևնույն է, որևէ կերպ որևէ մեկիս չի սփոփում։ Մենք շատ ծանր կորուստ ունենք այսօր։ Դրա գիտակցումն ամենասարսափելին է»,- ավելացնում է Մ. Հակոբյանը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանմավորում երեկվա դեպքը, պատգամավորը պատասխանել է, որ չի կարծում, թե այն նորություն էր կամ պիտի զարմացներ։ Ըստ նրա՝ դա կարող է նույնիսկ նորություն չլինել կամ մանիպուլյացիայի առիթ տալ Հայաստանի իշխանությունների կամ այն մարդկանց համար, որոնք փորձում են մոլորեցնել կամ համոզել, թե թուրքը կամ ադրբեջանցին բարեկամ կամ ընկեր կարող է դառնալ։

«Մենք շատ լավ գիտենք, որ երբեք չի կարող այդպես լինել, որովհետև ադրբեջանցին, թուրքը մի մոլուցք ունի՝ սպանել ցանկացած հայի»,- նկատել է Մետաքսե Հակոբյանն ու քննադատել այս պայմաններում «կքած ձևով խաղաղության» ձգտող իշխանություններին: Պատգամավորը հիշեցնում է, որ մարտի 1-ին Ստեփանակերտի ու Բաքվի միջև կայացած հանդիպմանը հաջորդել են սադրանքներ շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Սադրանքներին հաջորդել է ադրբեջանցիների սուտ տեղեկատվությունը, թե իբր հանդիպմանը քննարկվել է Արցախի ինտեգրացիայի հարցը, ինչը հերքել է արցախյան կողմը:

Հանդիպմանը հաջորդած սադրանքներն, ըստ Հակոբյանի, կանխատեսելի էին, քանի որ միշտ ինչ-որ հանդիպումից առաջ, հետո կամ ընթացքում Ադրբեջանը նման գործողությունների է դիմում։ «Սա այն բոլոր ծանր քաղաքական իրադարձությունների հետևանքն է, որի միջով անցնում ենք հրադադարից հետո, երբ պատշաճ քաղաքականություն չի վարվում թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան իշխանությունների կողմից, ինչի զոհ են դառնում այսպիսի անմեղ նահատակները»,- նշել է Հակոբյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության արձագանքին ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշմանը՝ արցախցի պատգամավորն ասել է. «Դրանք այդպես էլ կմնան կոչեր թղթի վրա անշունչ մի բան, որովհետև դրա ե՛վ շահառուն՝ Արցախի իշխանությունները, ե՛վ շահագրգիռ կողմը՝ հայաստանյան իշխանությունները, չկարողացան օգտագործել, որևէ քայլ չարեցին, հակառակը՝ խուսափեցին այն հարթակներից, որտեղ կարելի էր բարձրաձայնել այս հարցը»: Փոխարենը, ըստ Հակոբյանի, Հայաստանի իշխանությունները, որոնք Արցախի անվտանգության երաշխավորն են, սկսեցին այնպիսի արտահայտություններ անել, որ իրենց չի վերաբերում, մի վիճակի հասցրեցին, որ Ալիևի ասածն իրականություն դառնա, որն ասում է, թե միջազգային հանրության հորդորն առոչինչ է իր համար, ինքն, էթիկայի կանոններից ելնելով, լսում է, առաջ անցնում։

Հարցին, թե ի՞նչ սցենարներ է կանխատեսում առաջիկայում, արցախցի պատգամավորը պատասխանել է, որ դրան ավելի ճիշտ կպատասխանեն քաղաքագետներն ու ռազմական գործիչները։ «Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում։ Միակ բանը, որ յուրաքնաչյուրն անում է այստեղ, այնքան զգոն լինելն է, որ իր սեփական երեխային կարողանա պաշտպանել։ Այսօր Արցախում արդեն այդ իրավիճակն է: Արցախում հայերը մեն-մենակ են մնացել իրենց անվտանգային, սոցիալական և ընդհանրապես բազում խնդիրներով, յուրաքանչյուրը մտածում է՝ իր լուծելու խնդիրն է։ Կանխատեսում անելու կարիք էլ չկա. քանի դեռ հայաստանյան և արցախյան իշխանություններում ղեկավարներն այդ մարդիկ են, մենք այս իրավիճակում ենք լինելու, այլ ելք չենք ունենալու»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։