Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Արցախի նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն:
«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, ասել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը։
Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ: