ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել
Միացյալ Նահանգները տեղեկացված է Արցախում վերջին զինված միջադեպի մասին և հակամարտության կողմերին երկխոսության ու դիվանագիտության կոչ է անում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։
Նեդ Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ «Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ավելի ուշ, Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր զոհված ոստիկանների անունները․ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել էին փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել էր կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ունի երկու զոհ և մեկ վիրավոր։