Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը։ Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ներկայացնում է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ասել է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը։

Նրա խոսքով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի նաև քաղաքական բաղադրիչ, որն առաջ է տանում ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները։ Դեսպանն նշել է, որ կազմակերպությունը նաև կայուն զարգացմանն ուղղված տարբեր նախագծեր է ֆինանսավորվում՝ ի նպաստ Հայաստանի։

Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին։

Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին, ամեն տարի մենք ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- նշել է Ժ. Անդրեասյանը։

Նա ասել է, որ այս տարի թե կրթական, թե մշակութային հասատատություններն ակտիվ են, մեծ թվով միջոցառումներ են ծրագրվել Երևանում, մարզերում։ Նախարարը կարևորեց, որ բոլոր մարզերը ներգրավված են։ «Վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը, որոնք առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքներ են, խաղաղությունն է և կայունությունը»,- ասել է նա։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023թ-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման առիթով մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մարտի 31-ին Գյումրու թիվ մեկ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է մեծ միջոցառում, որին կմասնակցեն Հայորդաց տան երգչախումբը, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը։

Ասուլիսին Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ներկայացրել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը, որի շրջանակում կայանալու է Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոն (մարտի 18-26-ը), կոնֆերանս՝ «Ֆեմինիստական դիվանագիտություն», մարտի 17-ից ապրիլի 20-ը՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգաշար, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ խմբավար և ֆրանսերենի առոգանության մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանի հետ կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների «Աստղային գիշեր» համերգը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ (մարտի 30-ին), օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ (մարտի 31) և այլն։