Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում կառուցվելիք 35 և 39 հարկանի շենքերի գովազդին՝ նշելով, որ պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։

«Նկարում Երևանում կառուցվող 35 և 39 հարկանի շենքերի գովազդն է, իսկ մյուսում Հայաստանում գործող շինարարական նորմերից քաղվածք, որում նշված է առավելագույն թույլատրելի հարկայնությունը. կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ...

Երևանում հատկապես վերջին 2-3 տարիների (ինչպես և նախորդ շրջանի) աննախադեպ ու չմտածված կառուցապատման մասին շատ է խոսվել, սակայն այս ծավալներն ու անպատասխանատու պահվածքը գնալով ավելի հուսահատեցնող են դարձնում վիճակը՝ հատկապես Թուրքիայում ու Սիրիայում տեղ ունեցած արդեն մոտ 60 հազար կյանք խլած երկրաշարժից ֆոնին։

Հիմա հասկանում եք՝ ի՞նչ ենք անում...

Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ... Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։

Հ.Գ.-Ի դեպ, նոր ուղարկեցին ԱԺ-ում ինչ-որ քննարկում, որտեղ խոսվում է, որ գլխավոր հատակագիծ չկա դրա համար է այս վիճակը։ Պարոնայք ձեզ խաբել են, գլխավոր հատակագիծը չի փրկելու մեզ, ձեզ ու մնացածին»,-ասվում է գրառման մեջ։