Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին 2 ամսով կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը, գրում է «Հետք»-ը։

«Վերջերս առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանավորման մասին քննիչի միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր բերել։ Հակակոռուպցիոն խմբի դատավոր Մակյանը բավարարել է դատախազի բողոքը»,- ասաց Ենոքյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։

Պաշտպանի խոսքով՝ վերլուծելու կարիք կա, թե ինչ է տեղի ունեցել։ «Ամսի 13-ին է որոշումը կայացվել, նոր են տրամադրել, ինչ-որ առեղծվածային բաներ կան»,- ասաց նա։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը։ Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ այս քրեական գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասն է․ «Ըստ էության՝ նույն գործն է, մի քանի գործ է հարուցված եղել, միացրել են իրար։ Մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում, բայց ԱԺ-ում հնչեցված միջնորդության դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ պատճառված վնասի մասին է խոսքը, գույքեր օտարելու մասին, իսկ այստեղ (խմբ․ Խաչատուրովի գործում) այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասել էր նա։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում ընկած է 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն, և այս գործն ունի վաղեմության ժամկետ՝ 15 տարի։ Հակոբ Ենոքյանի պնդմամբ՝ գործը ոչ թե զորամասի գնման մասին է, այլ՝ հողատարածքի, որը գտնվում է Արարատի մարզի Արմաշ համայնքում։

Պաշտպանն ասում է, որ այս գործով ապացուցման առարկան հետեւյալն է՝ տվյալ գույքն արդյոք անօտարելի էր, թե ոչ։ «Միայն այն հանգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել, որը օրենքի շրջանցմամբ է եղել, դեռևս բավարար չէ, որ համարվի՝ փողերի լվացում է եղել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազի միջնորդագրի` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009թ-ի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը:

Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009թ-ի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016թ-ի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը: