Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Տեխաս նահանգի Օսթին քաղաքի մերձակայքում նոր գնած ահռելի հողատարածքներում նախատեսում է կառուցել իր սեփական քաղաքը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հողատերերի և անշարժ գույքի գործակալների հետ հանդիպումների ժամանակ Մասկը և նրա ընկերությունների աշխատակիցները նկարագրել են քաղաքի ապագայի իրենց տեսլականը՝ որպես Կոլորադո գետի երկայնքով ձգվող տեխասյան ուտոպիա, որտեղ կարող են ապրել ձեռնարկատիրոջ ընկերությունների աշխատակիցները:

Ծրագրվող քաղաքը հարում է Մասկի SpaceX-ի և The Boring Company-ի տարածքներին։

Ապագա քաղաքի տեղանքն արդեն ունի բացօթյա սպորտային տարածք, լողավազան, մի խումբ մոդուլային տներ և մարզասրահ։ Տարածքի մուտքի մոտ փակցված են ցուցանակներ՝ «Բարի գալուստ Սնեյլբրուկ, Տեխաս»։

Տեխասի օրենքի համաձայն՝ քաղաքը պետք է ունենա առնվազն 201 բնակիչ՝ նախքան գրանցման համար դիմելը: Բաստրոպ շրջանը, որտեղ պետք է գտնվի քաղաքը, առայժմ դիմում չի ստացել Մասկից կամ նրա կազմակերպություններից որևէ մեկից։