Բիզնեսի համար գործունեության կայուն միջավայրը կենսական նշանակության պահանջ է, բայց մեր տարածաշրջանում, իհարկե, դժվար է դրանից խոսել: Բայց մեր Կառավարությունը, փոխանակ անկայունության մեղմման, ինքն էլ իր բաժին ցնցումներն է տալիս բիզնեսին:

Եվ ահա, e-draft.am կայքում տեղադրվել է Հարկային օրենսգրքի հերթական փոփոխության նախագիծը: Նախագիծը բաղկացած է երկու հոդվածից, որից առաջինը բուն փոփոխություն է, մյուսը սահմանում է ժամկետ, թե երբ է այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու: Ամբողջ նախագիծը ունի հետևյալ տեսքը.

  • Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016թ-ի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
  • Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024թ-ի հունվարի 1-ից:

Այս մասին մանրամասներ է ներկայացրել Team2B-ի հիմնադիր ու տնօրեն Վլադիմիր Շատվերովը

Ի՞նչ է տեղի ունենում իրականում․

Հարկային օրենսգրքով հիմա գործում է մի մեխանիզմ, համաձայն որի բիզնեսի սեփականատերերը, երբ բիզնեսից դիվիդենտ են ստանում, այլ կերպ ասած` բիզնեսից գումար են հանում, պետք է վճարեն այդ գումարի 5%-ի չափ հարկ: Սակայն եթե նույն տարում իրենց բիզնեսում ներդրում են կատարում, ապա այդ ներդրման չափ, բայց ոչ ավել քան իրենց վճարած հարկն է, հետ են ստանում պետությունից:

Սա շատ լավ հնարավորություն է, և բնականաբար բոլորը, կամ մեծամասնությունը օգտագործում են այս մեխանիզմը, որ իրենց փաստացի հարկային բեռը մի փոքր թեթևացնեն: Հիշենք, որ մեր մոտ հարկերը բավականին բարձր են, և այս գործիքը որոշակի առավելություն էր տալիս Հայաստանում գործող բիզնեսներին:

Հիմա ՊԵԿ-ը հանդես է գալիս այս վերադարձի մեխանիզմը վերացնելու նախաձեռնությամբ՝ համարելով, որ սա չարաշահում է և հարկային բեռի նվազեցման ոչ այդքան օրինական մեխանիզմ:

Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ շատերն են օգտվելու այս հնարավորությունից, և ոչ մեկի համար սա պետք է անակնկալ չլիներ: Զարմանալի է, որ պետությունը զարմանում է, որ բիզնեսները օգտվում են այս հնարավորությունից:

Իսկ ի՞նչ թվերի մասին է խոսքը․

ՊԵԿ-ը նախագծի հիմնավորման մեջ նշում է , որ վերադարձված հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից

2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ,
2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ,
2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ
2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ:

Փաստացի փոփոխության միակ նպատակը պետական եկամուտների ավելացումն է՝ ի հաշիվ բիզնեսների սեփականատերերի:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ․

-Հարված ՓՄՁ-ներին

Շատերը հարցը նայում են ՓՄՁ-ների աչքերով և ասում են, որ այդ գումարները նրանց համար էական են: Համաձայն եմ, որ ՓՄՁ-ների համար իրոք այս մեխանիզմի վերացման արդյունքում հարկային բեռը մեծանում է, և բիզնեսի սեփականատերերի տնօրինվող եկամուտը քչանում է: Հիշենք, որ շատերը ունեն վարկային և այլ պարտավորություններ և պլանավորում են իրենց ծախսերը, իսկ հիմա կարիք է առաջանալու խնայողությունների նոր ռեզերվներ գտնել:

-Հայաստանի ներդրումային գրավչությունը կնվազի

Արտասահմանցի ներդրողներ, ովքեր վերլուծում են, թե որտեղ կարող են իրենց գումարները ներդնել, կատարում են մանրակրկիտ հաշվարկներ, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր դրամին և միայն դրանից հետո որոշում այս կամ այն երկրում ներդրում անել: Հիմա նմանատիպ վերլուծություն արած և Հայաստանը նախընտրած բիզնեսները կանգնում են փաստի առաջ, քանի որ կատարել են մի քանի տարիների հաշվարկ և հիմա փաստացի հինգ տոկոսով ավելի քիչ են վաստակելու: Վերջին մեկ տարվա մեջ բավականին շատ եմ շփվել արտասահմանցի գործարարների հետ, և կարող եմ վստահաբար պնդել, որ նման փոփոխությունները նրանք շատ ցավոտ են տանելու:

-Պետությունբիզնես համագործակցության խնդիր

Նման փոփոխությունները, որոնք սովորաբար կատարվում են շուտափույթ, առանց բիզնեսին ժամանակ տալու վերանայել սեփական քայլերը, վերահաշվարկել բիզնես պլանը, կանգնեցնում է փաստի առաջ: Ցավալին այն է, որ նմանատիպ փոփոխությունները կրում են պարբերական բնույթ, ինչը ստիպում է բիզնեսներին գործել ավելի զգուշավոր, քանի որ հասկանում են՝ կամայական պահի իրենց պարտավորությունները կարող են շատանալ, իսկ առձեռն ստացած դիվիդենտները կրճատվել: Նման միջավայրում բիզնես խուսափում է մեծ և լուրջ ծրագրերից, սկսում է խուսափել նման երկրում ներդրումներ անելուց, ինչն էլ բացասական է ազդում ինչպես երկրի տնտեսական աճի, այնպես էլ հանրագումարային հարկային մուտքերի վրա: