Մարտի 21-ին Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միության անդամները երթ են իրականացրել ի աջակցություն Արցախի ու արցախահայության։ Jnews-ի հաղորդմամբ, «Զորի Զորյան» միության անդամները նամակ են ուղարկել նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանին:

Երթի մասնակիցները Ախալքալաքում հայկական ու վրացական դրոշներով, հայերեն ու վրացերեն՝ «Բացել Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Արցախ, շրջափակված 100 օր», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներով, Երիտասարդական կենտրոնից շարժվլ են նախ դեպի քաղաքապետարան, այնուհետև՝ դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ:

Վրաստանի խորհրդարանի հայազգին պատգամավոր Սամվել Մանուկյանին ուղղված նամակում ասվում է.

«Արցախում հումանիտար աղետ է: Ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ գերտերությունները զբաղված են քաղաքական առևտրով, իրենց շահերից ելնելով, անգամ անտեսվում է Հաագայի միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը:

Ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, երբ Ադրբեջանն առհասարակ անտեսում է այս որոշումը, իսկ գերտերությունները և միջազգային կազմակերպությունները հրաժարվում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, խնդրում ենք Ձեզ, մեր երկրի՝ Վրաստանի կառավարության մոտ բարձրացնել վերոնշյալ խնդիրը, և հնարավորության սահմաններում, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունների և միջնորդության միջոցով կանխվի հումանիտար աղետը, ինչպես եղավ 2021թ.-ի հունիսին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, Բաքվի բանտերից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ»:

Արցախին ու արցախահայությանը զորակցող ակցիայի մասնակիցները Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վանկարկել են Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

«Մենք որպես հայ պարտական ենք այս ամեն ինչին մասնակցել, աջակցել Արցախին ու արցախահայությանը: Փոխանցել ենք նամակ մեր խորհրդարանի պատգամավորին, որպեսզի մեր խոսքը հասնի Վրաստանի իշխանություներին: Կարևոր է, որ Ադրբեջանում իմանան, որ Վրաստանում կան հայեր, որոնք չեն ընդունում Ադրբեջանի գործողությունները: Արցախը պետք է ապաշրջափակվի, այսպես երկար չի կարող շարունակվել: Հետագա քայլերի մասին այս պահին դեռ վաղ է խոսել, բայց հույս ունենք, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա և արդեն 100 օր Արցախում շրջափակման մեջ գտնվող 120 000 հայեր կկարողանան կապ ունենալ արտաքին աշխարհի հետ», – JNEWS-ի հետ զրույցում ասել է «Զորի Զորյան» երիտասարդական միության պատասխանատու Չաուշ Սամվելյանը:

Զորակցական հավաքի ավարտին մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված և մոմեր վառել: