Վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
Կառավարությունը մարտի 23-ի նիստում հավանություն տվեց վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանելու օրենքի նախագծին։
Առաջարկվում է սահմանել, որ աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:
«Օրինակ, եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 000 դրամ, և վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 000 դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած մասը, այսինքն՝ առնվազն 120 000 դրամը վճարել»,- նախագծի քննարկմանը նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կհամարվի անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: