Վաղը կառավարության հերթական նիստին կքննարկվի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին» որոշման նախագիծը: Տեղեկությունը փախանցել է tert.am-ը։

Երևանի քաղաքապետարան է դիմել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:

Ծրագրերի շրջանակում Երևան քաղաքում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են ՀՀ մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:

Ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները՝ որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Հայտնելով վերոգրյալի մասին՝ կազմակերպությունը խնդրել է քննարկել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը, կադաստրային արժեքով վաճառելու հնարավորությունը։

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։

Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։