Շրջափակման հետևանքում Արցախում բյուջեն կրճատվում է, անհետաձգելի ծախսերն ու կորուստներն՝ ավելանում
Շուրջ 3.5 ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ փակելով Արցախ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս օրերին Արցախի տնտեսությունն օրական առնվազն 651-752 մլն դրամի (1.65-1.9 մլն ԱՄՆ դոլար) կորուստ է ունենում։ Շրջափակման 107 օրերին այն արդեն կազմել է մինչև 203 մլն դոլար։ Ընդ որում, որքան երկար տևի շրջափակումը, այնքան կորուստների ծավալը կմեծանա՝ թողնելով տնտեսական և սոցիալական ավելի լուրջ հետևանքներ։
Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը գնահատել է, թե շրջափակման հետևանքով ինչպես է կաթվածահար եղել Արցախի տնտեսությունը, առաջացել պարենային անվտանգության խնդիր, խորացել գործազրկությունը, նվազել մարդկանց եկամուտները, վատթարացել կենսակերպը՝ ոչ միայն եկամուտների, այլև՝ էլեկտրաէներգիայի ու գազի անջատումների հետևանքով, լուրջ խնդիրների առաջ է կանգնել պետական բյուջեն։ Արցախում բյուջեն կրճատվում է, իսկ անհետաձգելի ծախսերը՝ ավելանում։
Զեկույցն այսօր ներկայացվել է լրագրողներին։ Միջոցառմանը տեսակապով միացել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով հայտարարեց, որ Արցախում սուր ֆինանսական ճգնաժամ է, բայց Արցախի և Հայաստանի կառավարությունները «բավարար ժամանակ» չեն տրամադրում այս խնդրին։
Եթե «կյանքի ճանապարհը» մնա փակ, ևս 16 200 մարդ կդառնա գործազուրկ
Եթե Լաչինի միջանցքը փակ մնա, ըստ զեկույցի հեղինակների գնահատականների, միայն շրջափակման հետևանքով Արցախում ևս 16 200 մարդ կդառնա գործազուրկ։
«Տնտեսությունը կանգնում է, մարդիկ դառնում են գործազուրկ։ 2022 թվականի դեկտեմբերին գործազրկությունը շատ ավելի փոքր էր, հիմա, եթե չեմ սխալվում, շուրջ 10 հազար մարդ գործազուրկ է։ Գործատուները, դեռևս ստանալով կառավարությունից որոշակի փոխհատուցումներ, չեն շտապում աշխատողներին գործից ազատել։ Օրինակ՝ Կաշենի հանքի աշխատակիցներին դեռևս չեն շտապում ազատել։ Բայց, կա որոշակի տնտեսագիտական կատեգորիա՝ եթե տնտեսությունը կանգ է առնում, մարդիկ դառնում են գործազուրկ»,- նշում է Վարդան Արամյանը։
Ըստ նրա, եթե շրջափակումը շատ երկարի (օրինակ՝ ևս 5-6) ամիս, ապա Արցախում ոչ միայն մարդկանց կենսակերպը էլ ավելի կվատթարանա, այլև՝ պետական բյուջեն լուրջ խնդրների առաջ կկանգնի։
Գնահատվել է, որ 1 գործազուրկի համար ամսական 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում, ինչպես այսօր է արվում, պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի (92 հազ. դոլար) լրացուցիչ ծախս։
Ըստ Արամյանի՝ այս զեկույցը թարգմանվել է անգլերեն ու ռուսերեն։ Հեղինակները մտադիր են այն ներկայացնել միջազգային կառույցներին։
Ռուբեն Վարդանյան. «Արցախի և ՀՀ կառավարությունները բավարար ժամանակ չեն տրամադրում այս խնդրին»
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը Արցախի պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռի ավելացման տեսանկյունից ազդում է երկակի. մի կողմից, տնտեսության անկման պայմաններում հարկերը կրճատվել են, մյուս կողմից՝ անհետաձգելի ծախսերն են ավելացել։
Արցախի բյուջեի մուտքերի մոտ 73%-ը, հետպատերազմյան ժամանակաշրջանում, Հայաստանից տրամադրվող բյուջետային վարկն է: 2023թ-ի համար դեռևս 2022թ-ի հոկտեմբեր-նոյեմբերին պլանավորվել է, որ Հայաստանից 136 մլրդ դրամի բյուջետային վարկ է տրամադրվելու Արցախին։ Այսինքն՝ այդ գումարը պետք է դիտարկել ոչ թե օժանդակություն Արցախին շրջափակման հետևանքները մեղմացնելու համար, այլ՝ մինչև այդ պլանավորված բյուջետային վարկ։
Միևնույն ժամանակ, Արցախին Հայաստանը տարեկան 10 մլրդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 26 մլն դոլար) աջակցություն է տրամադրում, որը ըստ Արամյանի, այս օրերին Արցախի ֆինանսատնտեսական կորուստների ֆոնին (շրջափակման 107 օրերին՝ մոտ 203 մլն դոլար), ակնհայտ փոքր գումար է։
Իսկ մնացած հարկային միջոցները, որ պետք է գոյանային Արցախի տեղական հարկերից (մոտ 27%-ը), գրեթե զրոյացվում են։ Քանի որ տնտեսությունը կանգ է առել, հարկերը խիստ կրճատվում են։
Այս պայմաններում, ըստ զեկույցի հեղինակների հաշվարկների, Արցախի բյուջե չի մտնում օրական 81 մլն դրամ կամ շուրջ 204 հազար ԱՄՆ դոլար։
«Այս կապակցությամբ Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային, առաջին հերթին` տնտեսական բնույթի կապիտալ և ընթացիկ ծախսերը, ավելի խորացնելով անկումը Արցախի տնտեսության համար»,- ասում է Վարդան Արամյանը։
Արցախում ստեղծված իրավիճակը նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գնահատում է որպես սուր ֆինանսական ճգնաժամ։ Ըստ նրա՝ Արցախի և ՀՀ կառավարությունները բավարար ժամանակ չեն տրամադրում այս խնդրին։
«Մենք ունենք ավելի խորքային հարց՝ այս ճգնաժամում, շրջափակման մեջ ի՞նչ տնտեսություն կարող է արդյունավետ լինել, եթե դու չես կարողանում քո արտադրանքը տանել Հայաստան և բերել հումքը Հայաստանից ու ունես ծախսերի աճ»,- նշեց նա՝ շեշտելով, որ խոսքը մեծ գումարների կորստի մասին է, և այս խնդիրը պետք է միջազգային մակարդակով ներկայացվի։
«Եթե այս օրավիճակը տևելու է ևս 5-6 ամսից ավելի, բյուջեի ծախսերի խնդիր է առաջանալու»
Արցախի կառավարությունը այսօր դեռևս կարողանում է անխափան վճարել կենսաթոշակներն ու նպաստները, ապահովել պետական աջակցության ծրագրերը, որը, ինչպես նշվեց վերևում, գլխավորապես Հայաստանից ստացված բյուջետային միջոցների հաշվին է։
Սակայն, ըստ Վարդան Արամյանի, եթե այս շրջափակումը շարունակվի ևս 5-6 ամիս, ապա խնդիրներ են առաջանալու։ Եթե տեղական հարկերը չգոյանան ու բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու այլ աղբյուրներ չլինեն, գուցե, հնարավոր լինի սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները ապահովել, բայց այլ բնույթի ծախսերը չեն կարող ապահովվել։
«Չմոռանանք, որ Արցախում կան անտուն մնացած մարդիկ, բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2020-2021թթ-ին և ավարտին հասցված չէ։ Այստեղ ավելի է խորանում սոցիալական լարվածությունը»,- ասում է Արամյանը։
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ ոմանք օգտվում են իրավիճակից և սնունդը թանկացնելով՝ փող աշխատում
Հարցին, թե հնարավոր է Արցախում զսպել ահագնացող գնաճը, Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ պետք է հասկանալ, թե ով է գնում այդ ապրանքը, ինչ գներով է, որքանով է դա թափանցիկ, ինչպես է տենդերը կազմակերպվում։
Ըստ նրա՝ մի քանի հոգի հնարավորություն ունի պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ, ապրանք տանել Արցախ և բարձր գնով վաճառել։ Անուններ նա չնշեց։
Տեսակապով հանդիպմանը միացած Ռուբեն Վարդանյանին լրագրողների հարցերի մի մասը մնաց անպատասխան՝ կապի խափանման պատճառով։
Արցախը շրջափակման մեջ է 2022թ-ի դեկտեմբերի 12-ից։ Արտաքին աշխարհի հետ կապող և Արցախի տնտեսությունը սնուցող միակ ճանապարհը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտիվիստների» կողմից։
Արցախի տնտեսության նյութական արտադրության և ծառայությունների գրեթե բոլոր ճյուղերի ձեռնարկությունները այս կամ այն չափով օգտագործում են ներկրվող հումք: Բացի այդ, քանի որ Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի օդային գիծը նույնպես խափանվել է Ադրբեջանի կողմից, իսկ էլեկտրաէներգիայի ներքին արտադրությունը բավարարում է միայն ընդհանուր պահանջարկի մոտ կեսը, արտադրական հզորություններին հոսանք չի տրամադրվում: Այս պայմաններում կարողանում են շարունակել իրենց գործունեությունը միայն որոշ ծառայություններ (օրինակ՝ ֆինանսական կամ ՏՏ ոլորտի) մատուցող կամ բյուջետային հատվածի կազմակերպությունները: Այլ կազմակերպություններ գործունեություն հիմնականում չեն իրականացնում։