Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն փորձում է «էթնիկ զտումներ» իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին նա հայտարարել է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում», որն անցկացվում է առցանց։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը հումանիտար ճգնաժամի պատճառ դարձավ, ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումների փորձ է»,- Փաշինյանին մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ 2022թ-ի սեպտեմբերին հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի հետագա ներխուժումը կասեցնելու հարցում օգնելու համար։

«Դեռ սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների մասնակցությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի նրանց բացահայտ դատապարտումը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք օգնեցին մեզ դիվանագիտական մեթոդներով կասեցնել հետագա ներխուժումը»,- ասել է Փաշինյանը։