Ավստրալիան կարգելի TikTok հավելվածը պետական բոլոր սարքավորումներում։ Այս մասին հայտնել է ավստրալական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազ Մարկ Դրեյֆուսի հայտարարությունը։

«Հետախուզական և անվտանգության մարմինների կողմից առաջարկություններ ստանալուց հետո ես այսօր լիազորեցի Գլխավոր դատախազության քարտուղարին հրաման տալ՝ արգելելու TikTok հավելվածը գերատեսչությունների և գործակալությունների կողմից թողարկված սարքերում»,- այս մասին նշված է հայտարարությունում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Դրեյֆուսը նշել է, որ հրամանը կկազմվի պաշտպանության և անվտանգության քաղաքականությանը լիովին համապատասխան և պարտադիր կդառնա կատարման համար:

Ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ TikTok հավելվածը կարգելվի էստոնացի պաշտոնյաներին պետության կողմից տրամադրվող բջջային հեռախոսներում։ Մինչ այս Նորվեգիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարարությունը պաշտոնյաներին խորհուրդ էր տվել անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել TikTok և Telegram-ը պաշտոնական սարքերում տեղադրելուց։ Մինչ այդ հաղորդվում էր, որ Դանիայի պաշտպանության նախարարությունը նախարարության աշխատակիցներին արգելել է TikTok-ն օգտագործել պաշտոնական բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա։

Բրիտանական կառավարությունն էլ արգելել է պաշտոնյաներին օգտագործել TikTok-ը պաշտոնական բջջային հեռախոսներում։