Երևանում նոր ջրային կառույցներ կգործարկվեն, շահագործման կհանձնվեն նոր դեկորատիվ ջրավազաններ
Մայրաքաղաքը զարդարող ջրային կառույցների ցանկն ընդլայնվել է: Շահագործման են հանձնվում նոր դեկորատիվ ջրավազաններ: Ավելին՝ մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ կունենան նոր լուսային ձևավորում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ջրային կառույցներ» ընկերության գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը տեղեկացրեց, որ այժմ ակտիվորեն իրականացվում են ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները դրանց անխափան գործունեությունն ապահովելու համար:
«Այս տարի շահագործման է հանձնվելու երկու նոր ջրային կառույց: Մեկը Տիգրան Մեծ 53 շենքի մոտ գտնվող ջրավազանն է, մյուսը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող հուշարձան-շատրվանն է: Այս օրերին մեր աշխատանքային խմբերը բարեկարգում են ջրավազանները: Այս տարի նաև նոր լուսային ձևավորում կունենան մի շարք ջրավազաններ, այժմ դիտարկվում են հնարավոր լուծումները»,- ասաց Վաղարշակ Վաղարշակյանը:
Մասնագետները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ստուգում են շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, նորոգում կամ փոխարինում խողովակաշարերը: Վաղարշակ Վաղարշակյանի խոսքով՝ փոխարինվում են նաև պոկված սալիկները, նորոգվում են եզրաքարերը, հղկվում ու թարմացվում են ջրավազանների պատերն ու հատակները:
Ամռան տապին շատերը, չնայած զգուշացումներին, զովանալու փրկությունը գտնում են ջրավազաններում: Մասնագետի խոսքով՝ թեպետ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները դատարկվում են, մաքրվում, լվացվում, միևնույն է խորհուրդ չի տրվում դրանցում լողալ: Դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ: Այդ մասին հուշում են նաև տեղերում առկա ցուցանակները:
«Կենդանիներ են նաև հայտնվում ջրում: Դրանից բացի, մեր աշխատակիցները ջրավազանի ամենօրյա մաքրման աշխատանքների ժամանակ կոտրված ապակիներ են հայտնաբերում, որոնք նույնպես կարող են վտանգավոր լինել»,- ասաց Վաղարշակ Վաղարշակյանը: Մասնագետի հորդորն է մաքուր պահել ջրավազանները և աղբ չնետել:
Տարեշրջանի մեկնարկը նախատեսված է մայիսի 1-ին: Շահագործվելու է 29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար: Շատրվանների գործարկման աշխատաժամերն այս տարի ավելացվել են: Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով: Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝ 23։00-ն։