Ապրիլի 2-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Քյու» թատրոնում տեղի է ունեցել Ֆինլանդիա-Հայաստան միության ջանքերով ներկայացվել է հայ-ֆիննական «Valo/Լույս» երաժշտական խմբի բեմադրած «Հայկական ջազ, ֆիննական տանգո» ներկայացումը։

Ներկայացման հիմնական գաղափարն էր հայկական պոեզիան և երաժշտությունը ներկայացնել ֆիններեն, և ֆիննականը՝ հայերեն։ Այս անգամ ընտրվել էին հայկական ջազն ու ֆիննական տանգոն։

Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության և «Valo/Լույս» պոեզիայի և երաժշտության խմբի անդամ Մարինա Դանոյանը հայտնել է, որ խումբը ստեղծվել է 2018թ-ին հայ-ֆիննական մշակույթային կամուրջ ստեղծելու նպատակով, գրում է orer.eu-ն։

«Խումբը ամեն տարի իր աշխատանքը ներկայացրել է «Քյու» թատրոնում, նախ միայն շեշտը դնելով պոեզիայի վրա, ապա նաև ներառելով երաժշտություն։ Այս տարվա ծրագրում նախապատվությունը տրվեց երաժշտությանը, և ընտրեցինք ջազն ու տանգոն, որոնք բնորոշ չեն մեր մշակույթներին, բայց դարձել են ջազը՝ հայկական ու տանգոն՝ ֆիննական մշակույթի մասը։ Ցանկացանք ուսումնասիրել, թե ինչու են այս ժանրերը մեր մշակույթներում տեղ գտել։ Ինքներս կատարեցինք այդ երգերը, քանի որ մեր խումբն ըստ էության նաեւ երգչախումբ է դարձել։ Մեր ղեկավարն է «Քյու» թատրոնի պրոդյուսեր Հյուդե Հյուտին, որը մեր ներկայացման սցենարի հեղինակն էր եւ աջակցողը»,- պատմել է Մարինա Դանոյանը։

Միության վարչության անդամ Հրաչ Զաքարյանն ասել է, որ միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն Ֆինլանդիայում գտնվող Հայաստանի արտգործնախարարության և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, այլև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։ Վերջինս ներկայացումից հետո շնորհավորել է խմբի անդամներին և նշել, որ հավանել է բեմադրությունը։