ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին գարնանային հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է golosameriki.com-ը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սմիթը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, ըստ ամենայնի, փորձում են հարձակում սկսել երկրի արևելքում, չնայած այն հանգամանքին, որ «նրանք դեռևս չեն կարողացել որևէ լուրջ հաղթանակ տանել մարտի դաշտում»:

«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինացիները կսկսեն իրենց գարնանային հարձակումն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք ուկրաինացիների հայեցողությանն ենք թողնում... ոչ միայն գարնանային հարձակման ժամանակացույցը, այլև կոնկրետ մարտավարությունը»,- ասել է Սմիթը:

Պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն խորհուրդներ է տալիս Կիևին Բախմուտից դուրս գալու վերաբերյալ, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ դաշինքը, ընդհանուր առմամբ, «որևէ խորհուրդ չի տալիս Ուկրաինայի ռազմական հրամանատարությանը»։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է Բախմուտում մնալու որոշումը թողնել «ուկրաինական ռազմական հրամանատարությանը, որպեսզի նրանք իրենք որոշեն, թե որտեղ և ինչպես են մարտնչելու ռուսական զորքերի հետ»։