Իտալիան արգելել է ChatGPT-ի օգտագործումը երկրում
Իտալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է ChatGPT նեյրոնային ցանցի օգտագործումը։ Այս մասին գրում է BBC-ն։
Անձնական տվյալների պաշտպանության իտալական գրասենյակը (Garante per la protezione dei dati personali) հայտարարել է, որ ChatGPT չաթբոտի մշակող ամերիկյան OpenAI ընկերությունը խախտել է անձնական տվյալների մասին օրենսդրությունը։ Բացի այդ, չնայած 13+ տարիքային սահմանափակմանը՝ չաթբոտը ոչ մի կերպ չի ստուգում օգտատիրոջ տարիքը։
OpenAI-ը պետք է 20 օրվա ընթացքում բավարարի կարգավորող մարմնի պահանջը կամ վճարի համապատասխան տուգանք, որը կարող է հասնել 20 մլն եվրոյի կամ ընկերության տարեկան շրջանառության 4%-ին։ Մինչ այդ Իտալիայում ChatGPT-ի օգտագործումն արգելվում է։
Գործակալությունն այս ծայրահեղ քայլը բացատրել է մարտի 20-ին ChatGPT-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքով։
OpenAI-ն էլ բացատրել է, որ ChatGPT-ի որոշ օգտատերերի տվյալների արտահոսքը պայմանավորված է բաց կոդով գրադարանի սխալով: Դրա պատճառով բաժանորդագրության հաստատման որոշ նամակներ ստացվել են սխալ օգտատերերի կողմից: Այդ նամակները պարունակել են տվյալներ վճարման հասցեի, քարտի վերջին չորս թվանշանների և դրա վավերականության ժամկետի վերաբերյալ: Բացի այդ օգտարերին հասանելի են եղել նաև այլ անձանց չաթերից որոշ հատվածներ։
Ընկերությունը նաև նշել է, որ արտահոսքը վերաբերել է օգտատերերի ընդամենը 1.2%-ին։